Համախմբում պետութեան հիմնասիւների առանցքով

Համախմբում պետութեան հիմնասիւների առանցքով

Տրամաբանական է, որ Արցախի կրած ծանր պարտութիւնից յետոյ երկրում ստեղծուած իրավիճակը բնականոն դարձնելու եւ պատերազմի հետեւանքով առաջացած վէրքերն ամօքելու համար պետական համակարգը պէտք է նոր մօտեցումների եւ հայեցակարգերի վրայ հիմնուած նախաձեռնութիւն ցուցաբերի: Մի բան, որ վերջին ամիսների ընթացքում տեղի է ունենում Արցախում:

Արդէն իսկ պատրաստ է Արցախի նոր Սահմանադրութեան նախագիծ: Նախատեսւում է, որ յաջորդ տարուայ առաջին ամիսներին Սահմանադրութեան փոփոխութեան համար տեղի ունենայ հանրաքուէ:

Պետական կառավարման համակարգում լայն լիազօրութիւններով նշանակուեց նոր պետնախարար:

Այս բոլորը կարծես թէ տեղի են ունենում քաղաքական ներքին համախոհութեան մթնոլորտում, որի ակնառու վկայութիւնը դարձաւ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած համաարցախեան բազմահազարանոց հանրահաւաքը:

Հանրութեան մօտ կան եւ՛ սպասելիքներ, եւ՛ ակնկալիքներ, իսկ այս օրերին որեւէ պաշտօնի ստանձնումը կրկնակի ծանր պատասխանատուութիւն է պահանջում՝ առաջին հերթին հանրութեան մօտ ստեղծուած ընկճուածութիւնը փարատելու համար եւ, զուգահեռաբար, կենցաղային ծանր պայմանների բարելաւման եւ ապագայի յոյսի ներշնչման առումով:

Այս անհրաժեշտութիւնը չի կարող անտեսուել որեւէ քաղաքական հոսանքի կամ ուժի կողմից:

Հանրային վերոնշեալ ակնկալիքների բաւարարման համար ամենագործնական եւ իր արդիւնաւետութիւնն ապացուցած կարեւորագոյն կառոյցը պետական համակարգն է: Արցախի անկախութեան աւելի քան 30 տարիների ընթացքում ստեղծուել է պետական կառավարման համակարգ՝ իր բոլոր ոլորտներով եւ մասնագիտական ենթաբաժանումներով: Պետութիւնը դիտարկւում է որպէս ամբողջական համակարգ, որի բոլոր ենթակառուցուածքները փոխկապակցուած են եւ լրացնում են իրար:

Անշուշտ, կարեւոր են բոլոր ենթակառուցուածքները, սակայն Արցախի նման պատերազմական երկրում առաջնայինը պաշտպանական անվտանգային համակարգն է:

Պաշտպանական համակարգը նախ եւ առաջ Արցախի պաշտպանութեան բանակն է, ապա՝ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, Ոստիկանութիւնն ու ԱԻՆ համակարգերը:

Պաշտպանութեան բանակը, բացի պաշտպանական դեր ունենալուց, Արցախի ժողովրդի համար ունի բարոյական եւ հոգեմտաւոր արժէք: Յուրաքանչիւր արցախցի Արցախի Պաշտպանութեան բանակի ստեղծման, պահպանման եւ զարգացման գործում իր ներդրումը, նուիրումը, արիւնն ու քրտինքն ունի:

Այդ առումով՝ շատերի համար անհասկանալի կարող է դառնալ պետութեան գոյութիւնն առանց Պաշտպանական բանակի:

Իզուր չէ, որ թշնամին, բոլոր պետական կառոյցներն անտեսելով, նախ եւ առաջ պահանջում է Արցախի բանակի կազմալուծում, քանի որ մեր հակառակորդը եւս հասկացել է, որ Արցախի պետական համակարգն անիմաստ է դառնում առանց բանակի գոյութեան:

Արցախի պետական համակարգում իւրաքանչիւր փոփոխութիւն պէտք է հիմնուած լինի պետութեան կարեւորագոյն բաղադրիչի եւ պետութեան կազմութեան փիլիսոփայական ակունքների ու հիմնասիւների պահպանման վրայ:

Այսպիսով՝ հնարաւոր կը լինի պահպանել համախմբուածութիւնն ու միասնականութիւնը, որոնք մեր պայմաններում առանցքային կարեւորութիւն են ներկայացնում:

«Ապառաժ»-ի խմբագրական

Share