Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը յղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների ներկայացուցիչները՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Պետէր վան Դալենի, Ֆաբիոյ Մասիմոյ Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հիւրերը Հայաստանում են՝ ծանօթանալու այն իրականութեանը, որին առերեսւում է մեր երկիրը, ինչպէս նաեւ՝ այս դժուարին ժամանակներում իրենց համերաշխութիւնը յայտնելու հայ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածաւալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:
Նշուել է, որ այսօր եւրոպական շատ կառոյցներ կրկնակի ստանդարտների քաղաքականութիւն են որդեգրել եւ ստեղծուած աշխարհաքաղաքական իրավիճակում էներգէտիկ շահերը բարձր են դասում միջազգային իրաւունքի սկզբունքներից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել նաեւ Հայաստանի մասին զեկոյցին, որն առաջիկայում քննարկուելու է Եւրախորհրդարանում:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամներ Արթուր Խաչատրեանը, Լիլիթ Գալստեանը, Աննայ Գրիգորեանն ու Ասպրամ Կրպեյեանը: