Արդիական քաղաքական ասպարէզի ամենափորձառու գործիչներից մէկը, ԱՄՆ դիւանագիտութեան ւէտէրան, նախկին պետական քարտուղար, ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Յենրի Քիսինջերը մայիսի 27-ին նշեց ծննդեան 100-ամեակը:
Նա ԱՄՆ պատմութեան ընթացքում միակն է, ով միաժամանակ զբաղեցրել է այդ երկու պաշտօնները:
Նա ծնուել է հրէայների ընտանիքում 1923 թուականի մայիսի 27-ին Վայմարեան հանրապետութեան (ներկայիս Գերմանիայ) Բաւարիայի երկրամասի Ֆիւրտ աւանում:
Նացիստների քաղաքականութիւնից սարսափած ընտանիքը կարողացել է 1938 թուականին տեղափոխուել ԱՄՆ:
Գերմանիայում մնացած նրա բոլոր ազգականները Հրեից ողջակիզման՝ Հոլոքոստի տարիներին սպանուել են:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ամերիկեան բանակում, այդ թւում Գերմանիայում՝ որպէս ռազմական հետախուզութեան թարգմանիչ գերմաներենից: 1945 թուականին Հեսսենի երկրամասում նշանակուել է դէնացիֆիկացիայի հարցով պատասխանատու սպայ: Արժանացել է Բրոնզէ մեդալին:
Պատէրազմից յետոյ ԱՄՆ-ում աւարտել է Հարուարդի համալսարանը: 1950-ականների երկրորդ կէսից սկսել է աշխատել քաղաքական տարբեր կառոյցներում որպէս անվտանգութեան հարցերով փորձագէտ:
Ռիչարդ Նիքսոնի նախագահութեան օրօք 1969-1974 թուականներին նշանակուել է ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական եւ պետական քարտուղար: Այդ երկրորդ պաշտօնում մինչեւ 1977 թուականը շարունակել է աշխատաքը Ջերալդ Ֆորդի նախագահութեան օրօք:
Նոբելեան Խաղաղութեան մրցանակի դափնեկիր է: Պետական պաշտօններից հեռանալուց յետոյ դասաւանդել է, հեղինակել է բազում աշխատութիւններ եւ գրքեր, տարբեր քաղաքական գիտահետազօտական հաստատութիւններում աշխատել է որպէս խորհրդատու:
Խորհրդային Միութեան եւ յետագայում՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների հարցում համարուել է «համարժէք գործնական կապերի եւ անհրաժեշտութեան պարագայում վճռական զսպման կողմնակից»:
2007 թուականին մի խումբ այլ ւէտէրան դիւանագէտների հետ Կոնգրեսին դիմել է Հաեօց ցեղասպանութիւնը չճանաչելու յորդորով:
Ուկրաինայի հարցում 2022 թուականին առաջարկել է «վիճելի տարածքներում անցկացնել հանրաքուէ՝ միջազգային հսկողութեան ներքոյ», յորդորել է Կիեւին որոշ զիջումների գնալ, ինչի համար նախագահ Վլադիմիր Զելենկու կողմից ենթարկուել է սուր քննադատութեան: